Հոկտեմբերի 10-ին ԱԺ ոչիշխանական եռյակի հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու համար ջանք ու եռանդ չէր խնայվել, և Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր՝ մի կողմից եռագույն դրոշներով եկած, մյուս կողմից՝ արևածաղկի սերմ չրթող քաղաքացիներով: Նկատելի էր, որ այս հանրահավաքում գերիշխող դիրք ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հարթակի հենց կենտրոնում կանգնած էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ԱԺ համանուն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ հանրահավաքը վարում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը: Նա էլ հենց իր ելույթում նշեց, որ մեր երկրի խնդիրների լուծումը պետք է փնտրել երկրի ներսում, ոչ թե դրսում: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հիշեցրեց, որ, փոխելով Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանը նպատակ ունի իշխանությունը երկարաձգել ևս քսան տարով:
Ելույթներ ունեցան նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ խմբակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Գագիկ Ծառուկյանը թեև այս անգամ ելույթ չունեցավ, սակայն խոստացավ ելույթ ունենալ հաջորդ հանրահավաքում: Մինչ նրա՝ ամբիոնին մոտենալը Տիգրան ՈՒրիխանյանը հիշեցրեց, թե ինչպես էին որոշ ճղճիմ մարդիկ լուրեր տարածում, որ նա չի գա:
«Հիմա նա եկել է»,- հպարտությամբ հայտարարեց Տիգրան ՈՒրիխանյանը: Իսկ Գագիկ Ծառուկյանը, դիմելով «սիրելի ժողովրդին», ասաց, որ հաջողության սկիզբը դրվում է այս պահին: Իսկ իր խոսքը եզրափակեց «Աստված Ձեզ պահապան» ասելով:
Մյուս ելույթ ունեցողներից Արամ Մանուկյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որոնք վերաբերում էին արտագաղթին ու ժողովրդագրական տխուր պատկերին, Նաիրա Զոհրաբյանը մի քանի անգամ նշեց, որ իշխանության գնացքը գնացել է, քանի որ հրապարակում հավաքված ժողովուրդը բազում խոչընդոտներ է հաղթահարել և հասել այդտեղ: Լևոն Զուրաբյանն ուղղակի դիմեց Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ նա իշխանության է եկել կեղծիքներով ու Մարտի 1-ով, վեցուկես տարի է, ինչ ղեկավարում է ՀՀ-ն, և այդ ընթացքում 250 հազար մարդ է արտագաղթել երկրից:
«Դու և քո հանրապետական ռեժիմը պետք է հեռանաք»,-կոչով դիմեց Լևոն Զուրաբյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց, որ հինգ տարի առաջ այս օրը ստորագրվեցին Ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները, որոնք նա բնորոշեց որպես հակապետական: Պարոն Հովհաննիսյանը ելույթ ունեցողներից միակն էր, որ հիշեց նաև անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին և Վարդան Պետրոսյանին:
Բոլոր ելույթներն էլ ընդմիջվում էին «Սեր-ժիկ, հեռացի՛ր», «Հի-մա, հի-մա» վանկարկումներով:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ նորաստեղծ շարժումը ղեկավարում են Հայաստանի ժողովրդական, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները, ասաց, որ հարգանքով են վերաբերվում Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշմանը: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին՝ ՀՀ առաջին նախագահը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու «Օրինաց երկիրը» այս շարժման հետ որևէ կապ չունեն, և եթե նրանք ցանկանում են, կարող են առանձին պայքարել Սերժ Սարգսյանի դեմ:
Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց տուրք չտալ սադրանքներին, ղեկավարվել շարժման ղեկավարների ցուցումներով, իշխանության ներկայացուցիչների հասցեին չհնչեցնել անձնական վիրավորանքներ, վստահել քառյակին (ի դեպ, նա ելույթում նշեց, որ «հրաշալի քառյակ» ձևակերպումն ուժի մեջ է): ՀՀ առաջին նախագահը վստահեցրեց, որ, եթե այս պահը բաց թողնվի և տեղի չունենա իշխանափոխություն, ապա Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դատապարտված են կործանման:
Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց նաև, որ ինքը տիրապետում է Հայաստանի բնակչության թվաքանակի մասին իրական տեղեկատվությանը, սակայն ազգային անվտանգության նկատառումներից ելնելով այն չի հրապարակում:
Իսկ հաջորդ հանրահավաքի օրը կհայտարարվի երկու-երեք օրից:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ